Հարգելի բարեկամներ, սիրելի երեխաներ,
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը գործում է աշխարհի ավելի քան 120 երկրում՝ իրականացնելով մարդասիրական և զարգացման բնույթի ծրագրեր որոնք նպաստում են երեխաների հիմնարար իրավունքների իրականացմանը։ Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլը հիմնել է իր գրասենյակը Հայաստանում 1993թ․՝ իրականացնելով ավելի քան 62 մլն եվրո արժողությամբ ծրագրեր երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում։ Համաձայն կազմակերպության կենտրոնական գրասենյակի որոշման՝ ս․թ․ հուլիսի 31-ից մեր կազմակերպությունը կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում։
Ինչ խոսք, որպես թիմ՝ մենք ապրում ենք հակասական զգացմունքներ․ մի կողմից ակնհայտ է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը անվերջ գործընթաց է, մյուս կողմից՝ ուրախ ենք, որ ներկայումս Հայաստանում կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ի զորու են շարունակելու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը՝ ներառյալ մեր կազմակերպության կողմից իրականացված մոտ 50 կազմակերպությունների կարողությունների զարգացմանը միտված աշխատանքների շնորհիվ։ Ավելին, Հայաստանում ձևավորվել են հստակ նախադրյալներ հանրային կառավարման ոլորտի բարեփոխման ուղղությամբ, մասնավորապես, երեխայի իրավունքների պաշտպանության և դրա հարակից ոլորտներում, իսկ «երեխայի լավագույն շահ» հասկացությունը դարձել է հանրային օրակարգի կարևոր մասը։
Մեր կայքը հասանելի կլինի մինչ 2020թ․ դեկտեմբերի 31-ը, որից հետո այն կապակտիվացվի։ Մեր հրապարակումները, ուղեցույցներն ու ձեռնարկները տեղադրված են նաև Սեյվ դը չիլդրենի ռեսուրսային կենտրոնի` Հայաստանին հատկացված էջում և Երեխաների պաշտպանության ցանցի առցանց գրադարանում։
Սեյվ դը չիլդրեն հիմնադրամի հիմնադիր Էգլանթին Ջեբը մի առիթով ասել է․ «Մարդկության պարտքն է երեխային տրամադրել լավագույնը»։ Մենք լիահույս ենք, որ թե՛ ՀՀ պետական մարմինները և թե՛ քաղաքացիական հասարակությունը կշարունակեն իրենց ուշադրության կենտրոնում պահել երեխայի լավագույն շահն ապահովող միջոցառումները։ Իսկ Սեյվ դը չիլդրեն Հայաստանի փորձագիտական խումբը՝ անկախ իրենց աշխատանքային կարգավիճակից, մշտապես իրենց ներդրումը կունենան երեխայակենտրոն Հայաստան կառուցելու գործում, որտեղ բոլոր երեխաները կվայելեն երջանիկ, ապահով ու արժանապատիվ մանկություն։
Սիրով՝
Սեյվ դը չիլդրեն Հայաստանի թիմ