Երիտասարդ, կրթված և գործազո՞ւրկ

Thursday 28 March 2019

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և Վորլդ Վիժն Հայաստանը իրականացրել են Հայաստանի աշխատաշուկայի հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվեցին մարտի 27-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ: 

Հետազոտությունները, մասնավորապես, վերլուծում են Հայաստանում ապրող երիտասարդների զբաղվածության խնդիրը հետևյալ տեսանկյուններից՝ 

·         ի՞նչ դերակատարում և հեռանկարներ ունեն երիտասարդ աղջիկներն ու տղաները Հայաստանի աշխատաշուկայում,

·         ի՞նչ խոչընդոտների է հանդիպում երիտասարդների մուտքն աշխատաշուկա,

·         գյուղատնտեսության ոլորտը՝ որպես հասանելի, բայց անցանկալի ոլորտ երիտասարդների աշխատանքի համար: 

Mr. Gonzalo Serrano Del La Rosa

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար  Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան իր ողջույնի խոսքում նշեց․ «Այս երկար սպասված հետազոտության արդյունքները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ երիտասարդության կարիքները Հայաստանում: Երիտասարդների զբաղվածության խնդիրը հատկապես  մարզերում Եվրամիության ուշադրության կենտրոնում է, և  այսօր ներկայացվելիք հետազոտությունները  կօգնեն լուծել այն»:

 

Ուշագրավ է, որ Հայաստանի երիտասարդության 41% տնտեսապես ոչ ակտիվ է և  դրա կեսից ավելին (մոտ 54%-ը) բարձրագույն կրթությամբ երիտասարդներ են:

Զբաղվածության աջակցության պետական ծրագրերից օգտվում են միայն աշխատանք փնտրող երիտասարդների 4%-ը, իսկ ոչ պետական ծրագրերից` 5%-ը։ Հարցմանը մասնակցած ներկայիս բոլոր ուսանողների 13.9%-ը և զբաղվածություն ունեցող բոլոր երիտասարդ հարցվողների 18.1%-ը նշում են, որ իրենց առհասարակ չի տրվել որևէ համընդհանուր հմտություն՝ ներառյալ բանակցելու, հաղորդակցության, վերլուծական, առաջնորդության և այլ համընդհանուր գործնական հմտությունները։

 Թեպետ ՏՏ և տուրիզմի ոլորտները Հայաստանի տնտեսության համար համարվում են զարգացող ոլորտներ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայիս կրթական ծրագրերը չեն համապատասխանում ՏՏ և տուրիզմի ոլորտների պահանջներին շրջանավարտների գործնական հմտությունները և տեսական գիտելիքները միջինից ցածր են գնահատվում գործատուների կողմից։

Mr. Artak AghbalyanԽոսելով արված հետազոտությունների մասին՝ ԿԳՆ Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն ավելացրեց․ «Այս հետազոտություններն արդեն ներկայացվել են ԿԳ նախարարին` հետագա քննարկումների համար: Առաջարկում եմ զեկույցը ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը, քանի որ զեկույցի եզրակացություններից բխող հանձնարարականներ կարող են տրվել համապատասխան գերատեսչություններին: Այս հետազոտությունները շատ կարևորում եմ, քանի որ մասնագիտական կրթության տեսանկյունից միշտ նկատվել է աշխատաշուկայի ուսումնասիրության պակասը, և այս զեկույցները մեզ համար առանցք կդառնան` հետագա մեր աշխատանքը պլանավորելիս»:

Հետազոտությունների շրջանակներում իրականացված հարցումները հստակ արտացոլում են նաև այն հանգամանքը, որ այն արտոնություններն ու մեխանիզմները, որոնք պետք է խթան հանդիսանային գործատուների համար ավելացնելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերը, թեև քաջալերող են, բայց ոչ բավարար զբաղվածություն ունեցող հարցվողների ընդամենը 10.5%-ն է նշել, որ իրենց աշխատավայրում աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, իսկ գյուղական բնակավայրերում՝ միայն 3.4%-ը։

Հետազոտությունների նպատակն է իրականացնել ժամանակակից աշխատաշուկայի կարիքների համապետական գնահատում՝ ներկայիս կրթական համակարգի պայմաններում և վերլուծել, թե որքանով են երիտասարդների հմտությունները և նրանց հասանելի հնարավորությունները համապատասխանում Հայաստանում աշխատաշուկայի պահանջներին։

Astghik Movsisyan

«Հետազոտությունների հիմնական արդյունքները կդառնան կրթության, զբաղվածության և երիտասարդության զարգացման վերաբերյալ հանրային քաղաքականություններում մեր կողմից առաջարկվող փաստարկված բարեփոխումների հիմք», - իր խոսքում նշեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:   

 

Ուսումնասիրությունները նաև հատկանշական տվյալներ են դուրս բերել գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ. Պարզվում է՝ գյուղատնտեսության ոլորտն այնքան էլ գրավիչ չէ երիտասարդների համար, և չնայած դրան, գյուղատնտեսությունն այժմ այն եզակի ոլորտն է, որտեղ գյուղական համայնքներում ապրող երիտասարդները կարող են աշխատանք փնտրել: Սակայն այստեղ էլ, երիտասարդները կարիք ունեն մասնագիտացման, որպեսզի կարողանան մրցունակ լինել ոլորտում: 

Zhirayr Edilyan

«Մի կողմից մենք ունենք գյուղատնտեսության ոլորտը, որտեղ կարիք կա որակավորված մասնագետի, իսկ մյուս կողմից մենք ունենք երիտասարդներ, որ ապրում են գյուղական համայնքում և աշխատանք են փնտրում: Ահա այստեղ է այն բացը, որ Վորլդ Վիժն Հայաստանը փորձում է լրացնել իրականացվող ծրագրի շրջանակներում», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր էդիլյանը:

 

 

Հետազոտություններն անցկացվել են «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրերի շրջանակներում:

Հետազոտությունների ամբողջական զեկույցները հասանելի են առցանց՝

Ø  Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն)

Ø  Երիտասարդների գործազրկության վերաբերյալ հետազոտությունը և Գյուղատնտեսության ոլորտում պահանջվող հմտությունների և երիտասարդների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտությունը (Վորլդ Վիժն Հայաստան)։